Թուրքիայում ձերբակալվել են հարուստների տները թալանող հայերից կազմված 5 հոգանոց հանցախմբի անդամներին։

Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝  Ստամբուլի ոստիկանությունը գործողություններ է իրականացրել հարուստների տները թալանող հանցախմբի դեմ եւ ձերբակալել Հերիքնազ Ա.-ի եւ Սերգե Թ.-ի գլխավորած հանցախմբի անդամներին։

Խմբի անդամների վերջին գործը եղել է Սանջաքթեթե թաղամասի առանձնատներից մեկի թալանը։ Խմբի ղեկավար Հերիքնազ Ա.-ն մի առանձնատանը մտել է աշխատանքի իբրեւ սպասուհի։  Այնուհետ Հերիքնազն ուսումնասիրել է թե որտեղ են տան տերերը պահում հարստությունները եւ տունը թալանելու ծրագիր է մշակել խմբի մյուս անդամների հետ՝ ապահովելով նրանց անարգել մուտքը հատուկ թույլտվությամբ թաղամաս։

Առանձնատնից մոտ 50  հազար դոլարի զարդեր գողանալուց հետո Հերիքնազը եւ մյուսները հեռանում են։ Տան տերերը երեկոյան տուն գալուց նկատում են, որ սպասուհին տանը չէ, որից հետո հայտնաբերում են, որ տունը թալանված է։

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցախմբի ազգությամբ հայ 5 անդամներին։

Դատարանի որոշմամբ Հերիքնազի եւ Սերգեի նկատմամբ կալանման որոշում է կայացվել, իսկ մյուսները ստորագրությամբ ազատ են արձակվել։