Հայտնի գործարար, «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրեն Աբրամ Ամիրխանյանը (հանրությանը հայտնի է Համլետ անունով) ինքնասպանություն է գործել Նոր Հաճնում գտնվող իր ամառանոցում, ննջարանի դուռը ներսից փակել է եւ իր անկողնու մեջ կրակել իրեն՝ կրծքավանդակի շրջանում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Ամիրխանյանն ամուսնացած էր, ուներ մեկ որդի:
Մեր տեղեկություններով՝ գործարարը ինքնասպանություն է գործել Նոր Հաճնում գտնվող իր ամառանոցում, ննջարանի դուռը ներսից փակել է եւ իր անկողնու մեջ կրակել իրեն՝ կրծքավանդակի շրջանում: Այդ ժամանակ նրա տանը եղել են իր աշխատողները, ովքեր ահազանգել են իրավապահներին: Ենթադրվում է, որ գործարարի ինքնասպանության պատճառը պարտքերն են, նրա ամբողջ գույքը գրավադրված է բանկերում:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նրա կառուցած Սայաթ-Նովա շենքում բնակարան ունեն բազմաթիվ հայտնի դեմքեր՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյան եւ այլք: Խնդիրն այն է, որ մարդիկ վճարել են միլիոնավոր գումարներ, իսկ այժմ սեփականաշնորհման վկայական չունեն, նրանց բնակարանները գրավադրված են բանկերում: Աբրամ Ամիրխանյանը ամեն օր նրանց վստահեցրել է, թե այսօր, վաղը, այս շաբաթ, 10 օրից այդ հարցը կլուծվի, սակայն այն մինչեւ այսօր էլ չի լուծվել: Թե ինչպես պետք է լուծվի այժմ Ամիրխանյանի շենքում բնակարաններ գնած անձանց հարցը, հայտնի չէ: Մեզ չհաջողվեց կապ հաստատել ընկերության հետ, հեռախոսահամարներն անջատված են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16-ին, ժ.10.40-ին «Նոր-Հաճըն» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Նոր-Հաճն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում, տանը՝ սենյակում մահացած մարդ կա, զենքը կողքին: Պարզել են, որ նույն օրը ժ.08.30-ի սահմաններում, 61-ամյա Աբրամ Ամիխանյանը, ով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն է գործել՝ ատրճանակից կրծքավանդակին կրակելու միջոցով: Դիակի կողքին հայտնաբերվել է «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նաեւ 1 հատ գնդակ: ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը:
Նշենք, որ 2005 թվականին հիմնադրված այս ընկերությունը իրականացնում է բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցապատման գործունեություն եւ վերջերս հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի մեջ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն մայրաքաղաքում կառուցել է Սայաթ-Նովա 40, Բաղրամյան 53 շենքերը:Սայաթ-Նովա 40 հասցեում կառուցված շենքում բնակարաններ գնած անձինք այդպես էլ չէին ստացել իրենց բնակարանները, դրանք գրավադրվել էին բանկում: Այդ շենքն ավարտելու համար ՀՀ կառավարությունը ժամանակին երաշխավոր էր կանգնել եւ տրամադրել շուրջ 2.5 միլիոն դոլար:





























