Ժամանակը ցույց տվեց, որ հայ-թուրքական արձանագրությունները «մեռած» փաստաթղթեր էին եւ ոչնչով չնպաստեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով, հայ-թուրքական արձանագրությունները ստորագրման պահից «մեռած» էին, քանի որ թուրքական կողմը կարծես չէր էլ պատրաստվում դրանցով ղեկավարվել եւ նույնիսկ ստորագրման պահին փորձեց նախապայմաններ առաջադրել:

«Իրականում արձանագրությունները վերածվեցին Հայաստանի կամ Թուրքիայի եւ երրորդ երկրների, ասենք՝ հայ-ամերիկյան հարաբերությունների դաշտում օգտագործվող փաստաթղթերի, քանի որ ամերիկացիների մեծ ջանք գործադրեցին դրանք ստորագրելու հարցում»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու նախագահի քայլը պատգամավորը գնահատում է որպես ճիշտ, բայց ուշացած քայլ: «Կարիք չկար այս վեց տարիների ընթացքում ապացուցել, թե ինչ է իրենից ներկայացնում Թուրքիան, այլ հարկ էր, թերեւս, երկրորդ կամ երրորդ տարվա ընթացքում հետ կանչել ստորագրությունը եւ արձանագրությունները հանել Ազգային Ժողովի օրակարգից»,- ընդգծեց Թեւան Պողոսյանը: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակումից հետո հարկավոր է արագորեն հետ կանչել նաեւ Հայաստանի ստորագրությունը:

«Եթե մենք իրականում ցանկանում ենք աշխարհին ապացուցել մեր սկզբունքային դիրքորոշումը, ապա պետք է հետ կանչենք մեր ստորագրությունը եւ բացատրենք, որ Թուրքիային այլեւս թույլ չենք ցինիկաբար վերաբերվել հայ-թուրքական հարաբերություններին եւ ամեն անգամ փորձել օգտագործել որեւէ փաստաթուղթ կամ ստորագրություն»,- եզրափակեց Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է Ազգային Ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին: