ԱՄՆ Ալաբամա նահանգի նահանգապետը ներողություն է խնդրել Հնդկաստանի կառավարությունից այդ երկրի քաղաքացու հանդեպ ցուցաբերած վատ վերաբերմունքի  համար։ 57-ամյա Սուրեշբայ Փաթելը մասնակի անդամալույծ է մնացել այն բանից հետո, երբ ոստիկանը նրան գետնին էր տապալել։

Նահանգապետ Ռոբերտ Բենթլիի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցը «չափից դուրս» շատ ուժ է կիրառել։ Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ մարմնական վնասվածքներ հասցնելու համար, սակայն նա հրաժարվում է ընդունել մեղքը։

Վերջերս ԱՄՆ տեղափոխված Փաթելը դատական հայց է ներկայացրել, որի համաձայն՝ միջադեպում տեղ է գտել ռասիզմը։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը ;

Նշենք, որ միջադեպը  տեղի էր ունեցել փետրվարին։ Փողոցում Փաթելին  կանգնեցրել էին ոստիկանները, որոնց պնդմամբ, նրանք հարեւաններից կասկածելի արտաքինով մարդու մասին ահազանգ էին ստացել։ Տեսախցիկները ֆիքսել են դեպքը, որտեղ երեւում է, թե ինչպես է անգլերեն չիմացող Փաթելը փորձում ազատվել ոստիկաններից, սակայն վերջիններս կանգնեցնում են նրան եւ ի վերջո գետնին տապալում։