ՀՅ Դաշնակցության Գերագույն Մարմինը, իր մոտեցումները, ծրագրերը, երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ դիրքորոշումները ներկայացնելու, բացատրելու, ճշտելու նպատակով՝ նախաձեռնել է հանրային քննարկումներ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ:

Այս առթիվ ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվանի տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է.

«Դաշնակցությունը ցանկանում է քննարկումների միջոցով լսել մեր քաղաքացիների կարծիքները, նրանց մասնակից դարձնել առկա հինահարցերի լուծմանը:

Երեկ՝ փետրվարի 17-ի երեկոյան, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպել են շուրջ քսան հայտնի մտավորականների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ՀՅԴ ծրագրային, այնպես էլ ներկա իրավիճակում երկրի առջեւ ծառացած հարցեր: Կողմերը ողջունել են նման հանդիպումների նախաձեռնությունը եւ հույս հայտնել, որ դրանք կդառնան շարունակական»: