Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից անցել է 11 տարի: 2004 թվականի փոտրվարի 19-ին Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով կացնահարվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանն, որն այդ պահին քնած է եղել:

Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն»  ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:

Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել Մակուչյանին, բայց վերջինիս սենյակի դուռը բարեբախտաբար փակ էր եղել:

Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին  Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել`  30 տարի առանց ներման իրավունքի:

Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, ինչին համառորեն փորձում էր հասնել ադրբեջանական կողմը: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահի կողմից ներում շնորհվեց, զինովորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց  8 տարվա աշխատավարձը:

Նույն օրը պաշտոնական Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

Հատկանշական է, որ ոչ բոլոր հունգար գործիչներն են հիացած իրենց պետության նման քայլով: 2008 թվականին Երեւանում գտնվող Հունգարիայի ԱԳ այն ժամանակվա նախարար Քինգ Գենցը, պատասխանելով Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հավանակության մասին հարցին, նշել է, որ նման հնարավորություն կա, սակայն հունգարիան նման պարտավորություն չունի:

«Ռամիլ Սաֆարովի արարքը հունգարական հասարակության համար շոկ էր եւ ցնցում: Սաֆարովին վերադարձնելու հնարավորություն կա, բայց Հունգարիան նման պարտավորություն չունի: Սաֆարովին վերաբերող բոլոր հարցերը կքննարկվեն շատ լրջորեն: Ամենագլխավոր հարցն այն է՝ արյդեք Սաֆարովն իր հայրենիքում կկրի ցմահ ազատազրկում, թե ոչ»,-հայտարարել էր նախարարը: