Երեւանում սառեցված շինարարություն գրեթե չկա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում գնահատման խոշորագույն ընկերության՝ «Օլիվեր գրուփ»-ի հիմնադիր Հրաչ Հակոբյանը՝ մեկնաբանելով 2014 թվականի շուկայի վերլուծությունը:

«Վերջերս ես անձամբ մի ամբողջ օր ուսումնասիրել եմ քաղաքի շինարարությունը: Կարող եմ ասել, որ գրեթե 90% դեպքերում աշխատանքներ են կատարվում»,- նշեց նա:

Աշխատանքներ են տարվում նաեւ Երեւանի կենտրոնում վերջին տարիների ամենախոշոր՝ «Հին Երեւան» թաղամասի շինարարության նախագծի ուղղությամբ, որի համար կարող է 120-130 մլն դոլար ներդրում կատարվել:

«Չի դադարել նաեւ փոքր կենտրոնի այլ վայրերում շինարարությունը, այդ թվում՝ Բուզանդի փողոցում բնակելի նոր շենքի ուղղությամբ»,- նշեց Հակոբյանը: Իրավիճակը, իհարկե, չի կարելի համեմատել 2008-2009 թվականների հետ, երբ շինարարությունն ամիսներով կանգնած էր: Հիմա վատագույն դեպքում սառեցված է մայրաքաղաքի շինարարության 10%-ը:

«Մեր ոլորտը տնտեսության ցուցիչներից է: Եթե «սառեցում» է սկսվում, մենք առաջիններից ենք դա զգում: Կարծում եմ՝ արժութային շուկան մեկ, առավելագույնս մեկուկես տարի անց ամբողջությամբ կկայունանա՝ հաշվի առնելով դրանից հետո նախանշված խորհրդարանական, Երեւանի քաղաքապետի եւ նախագահական ընտրությունները»,- հավելեց Հակոբյանը: