Փաստաբան Երեմ Սարգսյանը առաջիկա օրերին կհանդիպի Լյուքս Ստեփանյանի գործով ազատազրկված Դավիթ Խաչատրյանի հետ, որպեսզի վերջնականապես ստանա նրա համաձայնությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցում:Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբանը:

Անդրադառնալով վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշմանը, փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս ՀՀ վճռաբեկ դատարանը կամայականորեն է որոշում, թե որ բողոքները վարույթ ընդունի եւ որոնց վարույթ ընդունումը մերժի: Ընդ որում, նրա խոսքով, երկու դեպքում էլ բացարձակապես չի պատճառաբանում, թե ինչու բողոքը վարույթ ընդունեց եւ ինչու չընդունեց, ինչը բազմիցս առաջացրել եւ առաջացնում է փաստաբանների եւ ՀՀ քաղաքացիների դժգոհությունը: «Վերջերս նույնիսկ օրենքի փոփոխություն կատարվեց, որպեսզի դրա միջոցով վճռաբեկ դատարանին պարտադրվի պատճառաբանված որոշումներ կայացնել, սակայն պարզվեց, որ օրենքի որեւէ փոփոխություն չի կարող վերացնել այդ արատավոր պրակտիկան, եթե հենց իրենք` որոշումներ կայացնողները չցանկանան վերացնել այն եւ կանխատեսելի լինել: Երեւի ձեռք չի տալիս կանխատեսելի լինելը...»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանը նաեւ ասաց, որ Դավիթ Խաչատրյանի գործով ներկայացված վճռաբեկ բողոքում մի շարք հարցերի հետ միաժամանակ նաեւ իրավունքի զարգացման եւ օրենքի միատեսակ կիրառության հետ կապված հետեւյալ հարցն էին բարձրացրել` ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը վերադասության կարգով բողոքարկման ենթակա է, թե ոչ:

«Դրա համար հիմք էր հանդիսացել այն, որ այդ կապակցության ՀՀ դատարաններն իրենց որոշումներում տարբեր դիրքորոշումներ էին արտահայտել: Մասնավորապես, Դավիթ Խաչատրյանի գործով ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանը գտել էին, որ այդ որոշումը վերադասության կարգով բողոքարկման ենթակա չէ, հետեւաբար բողոքն այդ մասով չեն են քննել, իսկ մեկ այլ գործով առաջին ատյանի դատարանը եւ վերաքննիչ դատարանը` դատավորների այլ կազմերով, գտել էին, որ այդ որոշումը ենթակա է բողոքարկման: Վճռաբեկ դատարանին ներկայացրել էինք տարբեր դատարանների կողմից միեւնույն նորմի վերաբերյալ տրված իրար հակասող մեկնաբանություններով որոշումները, ինչն օրենքի ուժով պարտադիր էր դարձնում վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը, սակայն այս դեպքում էլ վճռաբեկ դատարանն անտեսեց դա»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Դավիթ Խաչատրյանի գործով ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել ինչպես առաջին ատյանի դատարանին, այնպես էլ վերաքննիչ դատարանի ամբողջ կազմին, «քանի որ նրանց վարքագծից, գործողություններից եւ կայացրած որոշումներից ակնհայտ էր, որ այդ դատարաններն ի սկզբանե որոշել էին դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով դատապարտել Դավիթ Խաչատրյանին, որ անկախ եւ անաչառ չէին, այսինքն նրանք խախտել են Դավիթ Խաչատրյանի` արդար դատաքննության իրավունքը»:

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման:Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել վճիռը: Նրանք Վճռաբեկ դատարան բողոք էին ներկայացրել՝ պահանջելով վերաորակել արարքը, գործը ուղարկել նոր քննության, սակայն բողոքը մերժվել էր: