2014 թվականին Հայաստանից Եվրամիության երկրներ փայլաթիթեղի արտահանման ծավալներն աճել են: Այս մասին է վկայում Ֆինանսների նախարարության Մաքսային ծառայության հրապարակած՝ 2014 թվականի Հայաստանի արտաքին առեւտրի վիճակագրությունը:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականին հանրապետությունից 30 հազար տոննա փայլաթիթեղ է արտահանվել՝ շուրջ 88.5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Դա 10.1%-ով ավելի է, քան 2013 թվականին: Արտահանման 86%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին:

Նշենք, որ դեպի Եվրամիության երկրներ արտահանումն ակտիվացել է այն բանից հետո, երբ 2013 թվականի նոյեմբերին ԵՄ դատարանը չեղյալ է հայտարարել 2009 թվականի սեպտեմբերին հայկական փայլաթիթեղի նկատմամբ սահմանված հակադեմփինգային մաքսատուրքերը:

Ավելացել է հատկապես Գերմանիա արտահանումը. եթե 2013 թվականին այն կազմել է 56 տոննա, ապա 2014-ին՝ արդեն 2.316: Մի քանի տասնյակ տոննա փայլաթիթեղ արտահանվել է Իսպանիա եւ Իտալիա, որտեղ այն չէր արտահանվում 2013 թվականից, եւ Ֆրանսիա, որտեղ արտահանման ծավալները փոքր ծավալ էին կազմում: Գերմանիայից հետո արտահանման ամենամեծ շուկան Ավստրիան է՝ 372 տոննայով:

2014 թվականին արտահանման նոր շուկա է դարձել Թուրքիան, իհարկե, մատակարարման ծավալները բավական փոքր են՝ 1.8 տոննա: Համեմատաբար խոշոր մերձավորարեւելյան մյուս երկրներն են Իրաքն ու Իսրայելը: Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում Հայաստանն ալյումինե փայլաթիթեղ է արտահանել 17 երկրներ:

Ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը Հայաստանում եւ ամբողջ Հարավային Կովկասում «Ռուսալ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ ռուսական «Ռուսալ» մետալուրգիական կոնցեռնի դուստր ձեռնարկությունը, որն աշխարհի խոշորագույն ալյումին արտադրողներից է: