Ադրբեջանցի դիվերսանտները ներխուժել են ԼՂՀ տարածք, սպանություններ կատարել, դատարանում խոստովանել, որ սպանել են Շահումյանի շրջանի բնակիչ Սմբատ Ցականյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի կոչին՝ մարդասիրական ժեստ անել եւ ազատ արձակել դիվերսանտներին:
«Ես առաջին հերթին, հրավիրում են տիկին Նուլանդին Լեռնային Ղարաբաղ, որպեսզի այդ խնդիրը նրան ներկայացնեն ԼՂՀ իրավասու մարմինները, քանի որ ԼՂՀ-ն իրավական երկիր է, եւ դատարանի որոշմամբ, դիվերսանտներից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման: Երկրորդ, ես հրավիրում եմ տիկին Նուլանդին Լեռնային Ղարաբաղ, որպեսզի նա բանակցություններ վարի այդ մարդկանց հետ»,-ասել է պատգամավորը:
Աթանեսյանի խոսքով՝ նրանք դատարանի վճիռը բողոքարկելու համար դիմել են ԼՂՀ վերաքննիչ դատարան: «Այսինքն այդ մարդիկ խոստովանել են ԼՂՀ դատական իշխանության իրավազորությունը: Տեղի է ունեցել բաց դատավարություն. ԱՄՆ կողմից հովանավորվող իրավապաշտպան կազմակերպությունները կարող էին ներկա լինել դատական գործընթացին: Ու եթե նրանք չեն եկել, դա արդեն ԱՄՆ պետքարտուղարության եւ ընդհանրապես միջազգային կառույցների բացթողումն է»,-արձանագրել է Աթանեսյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ պետք է ներկա լինեին դատավարությանը, որպեսզի տեսնեին՝ այդ մարդիկ իսկապես հանցագործներ են, թե գերիներ, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը:
«Ի վերջո, ոչ ոք ԱՄՆ կառավարությանը կոչ չի անում ազատ արձակել «խղճի կալանավորներին», որոնք պահվում են Գուանտանամոյի բանտում 2011-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո»,-ընդգծել է արցախցի պատգամավորը:
Նրա խոսքով՝ մարդիկ ահաբեկչական հարձակում են գործել ԼՂՀ-ի դեմ: «Նրանք հատել են, չասեմ ԼՂՀ սահմանը, կասեմ տիկին Նուլանդի պես՝ շփման գիծը: Բայց շփման գիծը բաժանարար գիծ է, որը պետք է հարգել»,-ասել է Աթանեսյանն ու հավելել. «Ի դեպ, տիկին նուլանդը պետք է իմանա, որ սպանված Սմբատ Ցականյանի ընտանիքը ավելի վաղ բնակվել է նախկին Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Չարդախլու գյուղում եւ տեղափոխվել է Շահումյանի շրջան»:
«Ստեղծված իրավիճակում ես պարզապես տեղին չեմ համարում խոսել մարդասիրական հարաբերությունների մասին: Ես ինքս կողմեմ, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ նորմալ հարաբերություններ լինեն, բայց այդ նորմալ հարաբերությունները Ադրբեջանն, առաջին հերթին, պետք է հաստատի շփման գծում»,-ամփոփել է Աթանեսյանը:
Նշենք, որ ԼՂՀ առաջին ատյանի դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Գուլիեւին դատապարտել էր 22, իսկ Ասկերովին ցմահ ազատազրկման: Փաստաբանները բողոքարկում են պատժաչափը:
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։





























