ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը դրված չէ օրակարգում։ Այս մասին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ։

Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ինստիտուցիոնալ համագործակցությունը սկսվել է 1994թ, երբ Վրաստանը դարձավ «Գործընկերության հանուն խաղաղության» ծրագրի անդամ։ 2004թ. «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունն ավելի խորացավ։ 2008թ. ապրիլին Բուխարեստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը հաստատեց, որ Վրաստանը հետագայում դաշինքի չափանիշներին համապատասխանելու դեպքում կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։

«Ե՛վ Բրյուսելւմ, ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Թբիլիսիում շատ լավ հասկանում են, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի այսօր-վաղը անդամակցելու հարցը օրակարգում չկա»,- հայտարարել է Աբաշիձեն կառավարության նիստից առաջ։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Վրաստանն ազատ է համագործակցության համար կազմակերպությունների ընտրության հարցում։ «Վրաստանը ազատ երկիր է, ուստի նա իրավունք ունի համագործակցել ցանկացած միջազգային կազմակերպության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ։ Այդ համագործակցությունը ոչ մի կերպ ուղղված չէ Վրաստանը ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքներում ընդգրկելուն»,-մեջբերում է Աբաշիձեի  խոսքը «Նովոստի Գրուզիա»-ն։