Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական բանակը պետք է ի վիճակի լինի արձագանքել ժամանակակից աշխարհի սպառնալիքներին եւ մարտահրավերներին՝ ընդգծելով, որ բանակի զարգացման համար միջոցներ են անհրաժեշտ։
«Մեր բանակը պետք է կարողանա ադեկվատ պատասխան տալ ժամանակակից մարտահրավերներին եւ սպառնալիքներին։ Սակայն դրա համար մենք պետք է միջոցներ ներդնենք՝ ելնելով այսօրվա իրականությունից։ Ուստի բանակի զարգացման մեր հետագա քայլերը պետք է լինեն կանխամտածված եւ հաշվարկված»,- մեջբերում է Լուկաշենկոյի խոսքը բելառուսական «Բելտա» գործակալությունը։
Նախագահը նշել է, որ ինքը մտադիր է քննարկել Զինված ուժերի կառուցման ուղղությունները։ Լուկաշենկոն հայտարարել է , որ Մինսկը ուշադիր ուսումնասիրում է ժամանակակից աշխարհում առկա հակամարտությունները եւ դրանց հնարավոր զարգացումները։ «Մենք ուսումնասիրում ենք դրանք եւ բնականաբար չենք կարող չարձագանքել դրանց՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Ստիպված ենք ինչ-որ տեղ հարմարվել, փոխել զինված պայքարի մեթոդները, եթե պետք է պաշտպանել երկիրը»,- հայտարարել է Լուկաշենկոն։





























