Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013թ.-ին տեղի ունեցած ողբերգության գործով դատական նիստերին Խաչատրյանների տված ցուցմունքները եւս մեկ անգամ ապացուցում են Բուդաղյանների առաջ քաշած փաստերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողներին ասաց գործով մեղադրվող Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Խաչատրյանները դատարանում հայտարարում են, որ Սուրիկ Խաչատրյանի պատուհանը նայում է փողոցին, իսկ դեպքն էլ, հիշեցնեմ, որ տեղի է ունեցել այդ պատուհանից ընդամենը քսան մետր հեռավորության վրա։ Սա նշանակում է, որ անհնար է՝ Սուրիկ Խաչատրյանը լսած չլիներ այդ կրակոցները։ Բացի դրանից՝ Խաչատրյանի կինն ու երեխաները հայտարարում են, որ դեպքից հետո նրան չեն ասել ոչինչ։ Սա էլ է ուղղակի անհնար»,- ասաց Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով՝ գործում տարօրինակ է Նիկոլայ Աբրահամյանի՝ Սյունիքի մարզպետի հեռավոր ազգականի հանգամանքը։ Փաստաբանը նշեց, որ Նիկոլայ Աբրահամյանը դատական նիստերին չի ներկայանում, քանի որ «ոտքը չորացել է, քայլել չի կարողանում»։
«Սա էլ նշանակում է, որ Նիկոլայ Աբրահամյանի ոտքից գնդակը չեն հանել։ Իսկ գնդակը չեն հանում, որովհետեւ իրենց ասելով՝ վիրահատությունը շատ վտանգավոր է։ Մենք խորհրդակցել ենք վիրաբույժի հետ, որն էլ հակառակն է պնդել։ Ինչո՞ւ չեն հանում գնդակը։ Մենք լուրջ հիմքեր ունենք, որ եթե գնդակը հանվի, կապացուցվի՝ Ավետիք Բուդաղյանը չի կրակել, ոչ էլ Տիգրան Խաչատրյանն է կրակել, այլ երրորդ անձ է դա արել՝ Սուրիկ Խաչատրյանը։ Հետեւաբար, Խաչատրյաններն ամեն ինչ անում են, որ գնդակը չհանվի Նիկոլայ Աբրահամյանի ոտքից»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ իրենք շարունակելու են պայքարել մինչեւ վերջ։
Նշենք, որ գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում։ Այս փուլում ցուցմունք են տալիս գործով վկաները։
Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ. սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքի անդամներին: Նույն օրը գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին, իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել, իսկ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:





























