ԲՀԿ-ն, փաստացի, եթե ընդհանրապես վռնդված չէ քաղաքական դաշտից, ապա նրա դիրքերը լրջորեն թուլացած են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսնադր Իսկանդարյանը՝ հավելելով, որ սա առաջին անգամ չի տեղի ունենում:

Նրա խոսքով՝ առաջին անգամ դա տեղի է ունեցել 2012-ի դեկտեմբերին, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց նախագահական ընտրություններին մասնակցելուց:

«Այն, ինչ տեղի ունեցավ ներքաղաքական կյանքում, սպասելի էր եւ ավարտվեց այնպես, ինչպես սպասելի էր»,-ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերի ոչ մի եռյակ կամ քառյակ գոյություն չուներ:

«Ինչ է Եռյակը. դա իրավիճակային միավորման փորձ է ինչ-որ հանրահավաքի, հայտարարության կամ ելույթի  համար: Քաղաքական ուժերի իրական միավորման համար պետք է ինչ-որ բան միավորել, որը չի նկատվում»,-ասել է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ ոչ մի նոր բան այդ առումով չկա. Ինչպես այդ ուժերը չէին կարողանում ազդել քաղաքականության վրա, հիմա էլ չեն կարողանում: «Իշխանությունները պարոն Ծառուկյանի եւ նրա որոշումների վրա ազդելու միջոցներ ունեն: Միթե դա որեւէ մեկի համար ակնհայտ չէ»,-ասել է փորձագետը՝ հավելելով, որ այստեղ հետաքրքիրը հասարակության ակնկալիքներն էին:

«Երկրում հեղափոխական հռետորության պահանջարկ կա: Քաղաքականությունը շուկա է, եւ եթե կա պահանջարկ, կլինի նաեւ առաջարկ: Այդ պահանջարկն այնքան մեծ է, որ մարդիկ պատրաստ են հակաօլիգարխիկ հռետորություն լսել օլիգարխի շուրթերից, պատրաստ են հավատալ, որ ԲՀԿ-ն իշխանության է գալու, որ պայքարի օլիգարխիայի դեմ»,-ընդգծել է Իսկանդարյանը: