Հայաստանի ընդդիմությունը շատ չզարգացած քաղաքական համակարգի ընդդիմություն է, բառերի ընդդիմություն։ Այս մասին փետրվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ մենք գործ ունենք գաղափարական ընդդիմության հետ, որն ի վիճակի չէ գործել։ «Քաղաքական կուսակցության նպատակը հանրահավաքը չէ, նրա նպատակը փորձագիտական, լրատվական, շրջանային հենքի ստեղծումն է, տեղական ընտրություններում տարվող աշխատանքը, ֆինանսական բազայի եւ լուրջ ծրագրերի ստեղծումը։ Դրա փոխարեն նրանք ասում են՝ մենք հեղափոխություն կանենք, մենք անհրաժեշտ քանակությամբ մարդ կհավաքենք իշխանությանը կռանով խփելու համար։ Իսկ ընդդիմությունը կռանով չէ, այն շարժիչ է, որը պետք է միշտ աշխատի»,- նշել է Իսկանդարյանը։