Հունգարիան մտադիր է հասնել նրան, որպեսզի Եվրամիությունը համաձայնի ռուսական գազը «Թուրքական հոսք» նախագծի միջոցով Եվրոպա հասցնելու նոր հայեցակարգին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում:
«ԵՄ-ում բանակցությունների սեղանին տարբեր հայեցակարգեր կան, տարբեր նախագծեր մրցակցում են: Այնպես որ այստեղ պետք է անգամ ոչ թե լոբբինգով զբաղվել, այլ պայքարել մեր հայեցակարգի հաջողության համար»,-հայտարարել է Օրբանը՝ հավելելով, որ Բուդապեշտը հիմա աշխատում է այդ հարցում ԵՄ համաձայնություն ստանալու ուղղությամբ:
Հունգարիան այն երկրներից է, որոնք «Գազպրոմի» հետ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Հարավային հոսք» նախագծին միանալու վերաբերյալ: 2014-ի դեկտեմբերին, սակայն, Ռուսաստանը հայտարարել է, որ հրաժարվում է այդ նախագծի իրագործումից, փոխարենը նախաձեռնում է «Թուրքական հոսք» նախագիծը:




























