Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դրական է գնահատում Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ փետրվարի 17-ին տեղի ունեցած հանդիպումը:

NEWS.am-ի հետ զրույցում խմբակցության ղեկավարը նշեց, որ այդ տեսակ հանդիպումների ժամանակ բավականին հարցեր են պարզաբանվում:

«Դրական եմ գնահատում, որ քաղաքական ուժերը կարողանում են գալ բանակցությունների դաշտ եւ գալ ընդհանուր հայտարարի: Եթե առանց հանդիպումների՝ ցանկանում են միայն հեռակա հրաձգությամբ քաղաքական դաշտը կարգավորել, լինում են պարտություններ»,- ասաց Բաղդասարյանը:

Անկախ հանդիպման արդյունքներից՝ Ազգային ժողովում շարունակվում է ուսումնասիրվել Գագիկ Ծառուկյանի բացակայությունները: Խմբակցության ղեկավարը նշեց, որ ուսումնասիրությունների ավարտից հետո կշարժվեն ԱԺ կանոնակարգի համաձայն:

«Բնականաբար, մենք չենք հրաժարվում մեր հայտարարությունից: Եթե հայտարարվել է, ուրեմն պետք է ուսումնասիրվի: Եթե նման երեւույթներ հայտնաբերվեն, մենք կդիմենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում: