Գագիկ Ծառուկյանի՝ փետրվարի 18-ին արված հայտարարությունը բավականին մարդասիրական էր եւ քաղաքական: NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդի հայտարարությունն այսպես բնութագրեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Գագիկ Ծառուկյանը հասկացավ՝ ուր է տանում այդ ապագան, ինչու են նրան հրահրում, եւ շատ լավ էր, որ գիտակցեց ինքը միտինգների վերաբերյալ իր իսկ արված կոչերը: Ուրախ եմ նաեւ, որ ինքը սառը դատողությամբ նստել, մտածել եւ այդ հայտարարությունն արել է: Բավականին մարդասիրական եւ քաղաքական հայտարարություն էր»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նշենք, որ ՀՀԿ Խորհրդի՝ փետրվարի 12-ի նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած՝ Գագիկ Ծառուկյանի քննադատությունից մեկ օր անց ԲՀԿ-ն հայտարարեց հանրահավաք անելու եւ իշխանափոխության գնալու մասին։ Սակայն փետրվարի 17-ին Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում: