Փետրվարի 19-ը Հայաստանում գիրք նվիրելու օրն էր։ Այդ կապակցությամբ երկրում կազմակերպվում են Գրքին նվիրված տարբեր միջոցառումներ՝ հանրային ընթերցումներ, լուսավորչական եւ մշակութային ակցիաներ, եւ իհարկե յուրաքանչյուր ոք այդ օրը հնարավորություն ունի դիմացինին գիրք նվիրել։ Գրքին նվիրված միջոցառումներ են ընթացել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։
Այսպես՝ ուկրաինական Չերնովցի քաղաքի հայկական համայնքում որոշել են սկիզբ դնել այդ բարի ավանդույթին։ Այս մասին հայտնել է Չերնովցի քաղաքում «Արեւիկ» ազգային-մշակութային հայկական համայնքի նախագահ Վիկտոր Դավիդովիչը,
Անձնական հավաքածուներից եւ Ուկրաինայի հայերի միության անունից տասնյակ գրքեր են նվիրաբերվել Չերնովցիի՝ Մ. Իվասյուկի անվան շրջանային գրադարանին։
«Դասական եւ ժամանակակից գեղարվեստական գրականություն, պոեզիա եւ արձակ, հայ հեղինակների՝ հայերեն, ուկրաիներեն, ռուսերեն, լեհերեն եւ ռումիներեն գրված հրապարակախոսություններ, եւ այլ գրքեր կներկայացվեն գրադարանի «հայկական անկյունում»։ Գրքերի նվիրատվությունը տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված գրական հանդիպման շրջանակներոմ։ Չերնովցիի հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտները արտասանել են Թումանյանի բանաստեղծությունները։ Միջոցառման մասնակիցները նշել են, որ հանդիպումն ընթացել է ջերմ եւ ընկերական մթնոլորտում»,- հայտարարել է Դավիդովիչը։





























