Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի, որ Եվրամիությունում նախագահող Լատվիան կօգնի Բելառուսին ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցման հարցում։ Այս մասին փետրվարի 20-ին հայտարարել է Լուկաշենկոն ՙ Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգարս Ռինկեւիչի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

«Մենք շատ շնորհակալ կլինենք, եթե Լատվիան իր նախագահության շրջանում օգնի մեզ առավել մերձենալ ԵՄ-ի հետ»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ Մինսկը միշտ էլ նշել է հարեւան Ռուսաստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի հետ բարեկամական հարաբերությունների մասին, սակայն մեծ ռեսուրսներ ունեցող Արեւմուտքը նույնպես պետք է Բելառուսին։

Իր հերթին Լատվիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են դինամիկ եւ դրական միտումներով, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Անդրադառնալով մայիսին Ռիգայում ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին՝ Լատվիայի արտգործնախարարը նշել է, որ Լատվիան՝ իբրեւ ԵՄ նախագահող երկիր, նպաստելու է, որպեսզի Եվրամիության եւ «Արեւելյան գործընկերության» բոլոր անդամների հարաբերությունները կառուցված լինեն անհատական մոտեցման վրա։