Համանախագահների հիմնական նպատակն է եղել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ հատկապես հաշվի առնելով լարված հունվարը: Այս մասին նշված է ԵԱՀԿ մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 16-19-ը այցելել են տարածաշրջան: Նրանց հետ է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահները հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին, արտաքին գործերի, պաշտպանության նախարարներին, Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին:
Համանախագահների հիմնական նպատակն է եղել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ հատկապես հաշվի առնելով լարված հունվարը:
Համանախագահները քննարկել են հակամարտության կարգավորման ապագա քայլերը, ինչպես նաեւ՝ նախագահների սպասվող հանդիպման նախապատրաստական աշխատանքները:
Տարածաշրջան կատարած այցելության ժամանակ համանախագահները նաեւ հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում կորած անձանց խնդիրները: Նրանք կարեւորել են 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում նախագահների հանդիպումների ընթացքում ձեռք բերված անհայտ անձանց վերաբերյալ ԿԽՄԿ-ի հովանու ներքո տեղեկատվության փոխանակման պայմանավորվածությունը:





























