Օգտվելով ընթացիկ տարվա բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետեւանքով ստեղծված հնարավորություններից` Արարատյան հարթավայրի մի շարք համայնքներում սկսվել են պտղատու ծառատեսակների, իսկ առանձին վայրերում` նույնիսկ խաղողի վազերի էտի ու ձեւավորման, կարտոֆիլի տունկի աշխատանքները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ցածրադիր տարածաշրջաններում մինչեւ մարտի վերջ կարող են դիտվել սառնամանիքներ, իսկ մինչեւ ապրիլի 3-րդ տասնօրյակի սկիզբը պահպանվում է ցրտահարությունների վտանգը:
Հետագա հնարավոր կորուստներից խուսափելու նպատակով նախարարությունը հորդորում է Արարատի, Արմավիրի մարզերի եւ նախալեռնային գոտու ցածրադիր հատվածի համայնքների գյուղացիական տնտեսություններին ավելորդ շտապողականություն չցուցաբերել եւ առայժմ կազմակերպել միայն հնդավոր (խնձորենի, տանձենի, սերկեւիլենի), իսկ փետրվարի 25-ից հետո` կորիզավոր (դեղձենի, ծիրանենի եւ այլն) պտղատեսակների էտի աշխատանքները: Խաղողի այգեբացը, վազերի էտը եւ վաղահաս կարտոֆիլի տունկը նպատակահարմար է իրականացնել մարտի 5-ից հետո:





























