Ուկրաինաի գլխավոր ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի դեմ «Անտոնով» պետական ձեռնարկությունում անցկացվող ստուգումները անօրինական ճանապարհով դադարեցնելու համար։ Իբրեւ հեռակա խափանման միջոց է ընդունվել կալանքը։
«Ծառայողական ստուգման արդյունքում պարզվել է, որ Ազարովը, հանդիսանալով Ուկրաինայի վարչապետ, անօրինական ճանապարհով կասեցրել է 2012թ. աշնանը «Անտոնով» պետական ձեռնարկությունում կատարվող ստուգումները, որոնք կազմակերպության գործունեությունում լուրջ իրավախախտումներ էին հայտնաբերել։ Այսպես՝«Ռուսլան» ինքնաթիռների առեւտրային նպատակով օգտագործումից ստացած գումարները մնացել էին երկու արտասահմանյան ընկերությունների եւ վերոնշյալ պետական ձեռնարկության հաշվեհամարներին ու օգտագործվել՝ ըստ վերջիններիս հայեցողության»,- ասված է դատախազության հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաեւ, որ կասկածյալի հակաօրինական գործողությունների արդյունքում պետությանը հասցվել է 37 մլն գրիվենի ( մոտ 1.3 մլն դոլարի) վնաս, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։
Այս պահին Ազարովը գտնվում է Ուկրաինայի սահմաններից դուրս։ Նա լքել էր երկիրը 2014թ. նախագահ Յանուկովիչի իշխանազրկումից հետո։ Ուկրաինայի նոր իշխանությունները մի շարք քրեական գործեր են հարուցել երկրի նախկին պաշտոնյաների դեմ։ 2015թ. հունվարին Կիեւի դատարանը Ազարովի ձերբակալման մասին վճիռ էր կայացրել։ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի, նրա որդի Ալեքսանդրի ու նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի հանդեպ քրեական հետախուզություն է հայտարարված։





























