Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ:
Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Արամ Հարությունյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր եւ այլ պաշտոնատար անձինք: Անդրադառնալով մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակին` նախարարը հատկապես կարեւորել է վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման հարցը: 2014 թվականի օպերատիվ տվյալներով` մարզում առկա 37765.8 հեկտար վարելահողերից մշակվել է ընդամենը 17064 հեկտարը (45.2%): Վարելահողերի օգտագործման մակարդակով մարզը hանրապետությունում զբաղեցնում է նախավերջին տեղը։
«Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է ակտիվորեն օգտվել պետական աջակցության ծրագրերից, ինչը, համոզված եմ, հնարավորություն կընձեռի մարզում զգալի առաջընթաց ապահովել», – նշել է Սերգո Կարապետյանը:
Իր ելույթում նախարարը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ տարում իրականացվող պետական աջակցության ծրագրերը` ընդգծելով, որ այս տարի եւս գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն մատչելի գներով պարարտանյութեր, դիզելային վառելիք եւ բարձր վերարտադրության սերմացու, ինչը կնպաստի հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը:
Նախարարը նաեւ հայտնել է, որ երեկ կառավարությունը որոշում է ընդունել հողօգտագործողներին տրամադրվող վարկերի սուբսիդավորումը եւս երկու տոկոսային կետով ավելացնելու մասին: Արդյունքում` գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել շուկայականից անհամեմատ ցածր 8 % տոկոսադրույքով վարկեր:
Նախարարի խոսքով` վերջին տարիներին պետությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչը նույնպես մեծ նշանակություն ունի եւ դրականորեն է անդրադարձել մարզում գյուղատնտեսության աճի ցուցանիշների վրա: Եթե 2011 թվականի տվյալներով հանրապետության տարածքում շահագործվում էր ընդամենը 145 հեկտար տաքացվող ջերմատուն, որոնցից 1,9 հեկտարը` Կոտայքի մարզում, ապա այժմ ջերմատների ընդհանուր տարածքը 763,62 հեկտարի է հասնում, որից 42,95 հեկտարը գտնվում է Կոտայքի մարզում:
Այս կապակցությամբ նախարարը նաեւ հայտնեց, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է օրեսդրական փոփոխությունների մի նախագիծ, որի համաձայն ջերմոցների կոնստրուկցիաների, ջերմոցային արտադրության մեջ օգտագործվող մի շարք ռեսուրսների ինչպես ներմուծումը, այնպես էլ ներքին շրջանառությունը կազատվեն ավելացված արժեքի հարկի վճարումից:





























