Վենեսուելայի կառավարությունը պետք է «կենտրոնանա ժողովրդավարական երկխոսության ճանապարհով իր ներքին խնդիրների համար իրատեսական լուծումներ գտնելու վրա, այլ ոչ թե թե վախեցնի եւ ձերբակալի ընդդիմադիր գործիչներին»։ Նման հայտարարությամբ ուրբաթ հանդես է եկել ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«ԱՄՆ-ն դատապարտում է Վենեսուելայի անվտանգության ուժերի կողմից Կարակասի քաղաքապետ Անտոնիո Լեդեսմայի ձերբակալությունն ու ընդդիմադիր մյուս գործիչներին ահաբեկելը։ Այդ գործողություններով Վենեսուելայի կառավարությունն ակնհայտորեն ցանկանում է շեղել մարդկանց ուշադրությունը երկրի տնտեսական եւ քաղաքական խնդիրներից»,- ասված է Պետդեպի մամուլի խոսնակ Ջեյն Փսակիի տարածած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Վենեսուելայի խնդիրները չեն կարող լուծվել օրինական այլախոհներին հետապնդելու ճանապարհով։ Ընտրած ռազմավարությունը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները, ոտնահարում է Մարդու իրավունքների եւ պարտավորությունների մասին Ամերիկյան հռչակագրով եւ Միջամերիկյան ժողովրդավարական կանոնադրությամբ ամրագրված սկզբունքներն ու արժեքները»,- վստահեցրել է Փսակին։