Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է հայտնի իսրայելցի գիտնական, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանն արծարծվել են հայ ժողովրդի պատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն արժեւորել է հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող թեմաների շուրջ Յաիր Աուրոնի հետազոտությունները գիտակրթական եւ բարոյական տեսանկյուններից` ընդգծելով, որ պրոֆեսորի աշխատությունները լուրջ ներդրում են Մեծ եղեռնի ուսումնասիրության ու միջազգային ճանաչման, ինչպես նաեւ հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: