Հարավային Սուդանում զինված գրոհայինները 89 երեխա են առեւանգել։ Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հայտարարությունը։ «Երեխաներին առեւանգել են Վերին Նեղոս նահանգի Վաու Շիլուկ քաղաքի դպրոցում ընթացող քննության ժամանակ»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ականատեսների վկայությամբ՝ զինված անձինք շրջափակել են բնակավայրը, այնուհետեւ սկսել են խուզարկել տները եւ առեւանգել 12 տարեկանից բարձր արական սեռի ներկայացուցիչներին։ Դեռեւս հայտնի չէ, թե որ խմբավորումն է պատասխանատու առեւանգումների համար։ Ավելի վաղ իրավապահները հայտնել էին, որ Հարավային Սուդանում գրոհայինները երեխաներին օգտագործում են իբրեւ սպասավորներ եւ զինվորներ։
Նշենք, որ Հարավային Սուդանում պահպանվում է անկայուն դրությունը։ Անցյալ տարվա վերջին մայրաքաղաք Ջուբայում զինված բախումներ էին սկսվել այն բանից հետո, երբ նախագահ Սալվա Կիիրը հայտարարել էր երկրում պետական հեղաշրջման փորձի մասին՝ դրանում մեղադրելով ապստամբների առաջնորդ Ռիեկ Մաշարին եւ նրա ղեկավարած կազմակերպությանը։ Հակամարտությունը հանգեցրել էր բազմաթիվ զոհերի եւ 2011թ. Սուդանից առանձնացած Հարավային Սուդանին կանգնեցրել մարդասիրական աղետի շեմին։



























