Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը զանգահարել է տղամարդուն, որը տուժել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ- «Չելսի» խաղի նախաշեմին Փարիզի մետրոյում տեղի ունեցած ռասիստական միջադեպի արդյունքում։ 

Ուրբաթ Օլանդը զանգահարել էր ծագումով մավրիտանացի, Ֆրանսիայի 33-ամյա քաղաքացի Սուլեյման Ս.-ին եւ իր աջակցությունը հայտնել նրան, գրում է AFP-ն։

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Չելսիի» երկրպագուները թույլ չէին տվել տղամարդուն նստել մետրոյի վագոնը՝ բացականչելով. «Մենք ռասիստ ենք, մենք ռասիստ ենք, եւ դա մեզ դուր է գալիս»։

Արդյունքում «Չելսիի» ղեկավարությունը որոշել է արգելել այդ երկրպագուներին ներկա գտնվել թիմի տնային հանդիպումներին, իսկ անգլիական թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն էր խնդրել Սուլեյմանից թիմի անունից եւ հրավիրել էր նրան ներկա գտնվել Լոնդոնում կայանալիք պատասխան խաղին։