Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական եւ կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Լայն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող բազմաթիվ հարցերի:
Նիստում մասնավորաբար քննարկման առարկա են դարձել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն ու գործընթացները:
Ամփոփելով քննարկումները՝ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդն արձանագրել է.
Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները հանգուցալուծվեցին կտրուկ շրջադարձային փոփոխություններով: Ձեւավորված երկու քաղաքական բեւեռների միջեւ հարաբերությունները կարճ ժամանակահատվածում անձնավորված, փոխադարձ մեղադրանքներով սուր առճակատումներից տեղափոխվեցին դեպի հայտնի բանակցություններ: Արդյունքում` հետագա քաղաքական զարգացումների տրամաբանությունը հասարակության մոտ առաջ բերեց անհասկանալիություն եւ անորոշություն: Պետք է փաստել, որ քաղաքական ողջ դաշտի նկատմամբ հանրության շրջանում խորացած հիասթափությունն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրում ժողովրդավարության խորացման եւ ժամանակակից կուսակցական համակարգերի ձեւավորման ու զարգացման տեսանկյունից:
Կուսակցությունը գերակա է համարում հասարակության մեջ քաղաքական ակտիվության բարձր մակարդակի պահպանման անհրաժեշտությունը, եւ քաղաքական կյանքին քաղաքացիների լիարժեք մասնակցությունը դիտարկում է որպես Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության կայացման պարտադիր պայման:
Կուսակցությունն ընդգծում է քաղաքական պայքարի ընդունված եւ օրինական մեխանիզմների՝ բողոքի ցույցերի, հանրահավաքների ազատ ընտրության եւ գործածության կարեւորությունը, ինչը, որպես հետեւանք, բոլորովին չի ենթադրում անխուսափելի բախումներ եւ ուժային գործուղություններ:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց սոցիալական վիճակի շարունակական վատթարացումը, ժողովրդական լայն զանգվածների հետագա աղքատացումը, միջին խավի կտրուկ նվազումը եւ չքավոր քաղաքացիների կտրուկ ավելացումը խորացնում են հանրային դժգոհությունը եւ ընդվզումը, խթանում են արտագաղթը՝ ամայացնելով երկիրը: Նշված քաղաքական եւ սոցիալական բացասական գործոնների համադրությունը լուրջ սպառնալիք է երկրի հետագա զարգացմանը եւ անվտանգության ապահովմանը:
Ստեղծված իրավիճակում «Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակելու է պայքարել երկրում առկա արատավոր, բացասական, հակաժողովրդական երեւույթների եւ գործընթացների դեմ: Կուսակցությունը շարունակելու է ցուցաբերել նախաձեռնողականություն երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման եւ հասարակության բարեկեցության համար անհրաժեշտ` իր մոտեցումների, նախաձեռնությունների եւ ծրագրերի առաջ մղումը:
«Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ է անում մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին չտրվել անկումային տրամադրություններին եւ ակտիվորեն պայքարել սեփական իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության եւ ժողովրդավարության զարգացման համար:





























