Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանային վարչության սահմանապահ ջոկատում կայացել է երդմնակալության արարողությունը (ֆոտոռեպորտաժ)։
Ո՛չ մռայլ եղանակը, ո՛չ թաց ձյունը չէին փչացրել Հայաստանի առաջ հավատարմության, իսկ Ռուսաստանի առաջ պարտավորություններ ստանձնելու երդում տված 50 նորակոչիկների, նրանց հարազատների, Սահմանային վարչության ու սահմանապահ ջոկատի հրամանատարության տոնական տրամադրությունը։
Ինչպես լրագրողներին հայտնեց Արմավիրի սահմանապահ ջոկատի ուսումնական կենտրոնի պետ փոխգնդապետ Ալեքսեյ Կրասնոնոսովը, զինծառայողները նախքան երդմնակալությունը համազորային զինպատրաստություն են անցնում։ Երդմնակալությունից հետո նրանք կանցնեն սահմանային թեմատիկայով ավելի խորացված առարկաներ՝ հրաձգություն, դաշտային ելքեր, ինչպես նաեւ ակտիվորեն կպատրաստվեն հենակետային ծառայությանը։
Ուսումնական կենտրոնի պետի գնահատմամբ՝ նորակոչիկները բավականին պատրաստված են։ «Կան զինծառայողներ, որոնք լավ եւ գերազանց են հանձնում ֆիզպատրաստության նորմատիվները։ Ցանկանում են ծառայել սահմանին։ Նկատվում է ֆիզպատրաստության կատարելագործման ցանկություն»,- նշել է Ալեքսեյ Կրասնոնոսովը։
Բոլոր 50 նորակոչիկները Հայաստանի քաղաքացիներ են՝ հանրապետության տարբեր մարզերից։ Հայաստանի սահմանների ապագա պաշտպանները սահման կմեկնեն մայիսին։
Նշենք, որ վաղը սահմանային ջոկատում կնշեն Բարեկենդանը։ Ձմռան խրտվիլակը արդեն պատրաստ է։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























