Ինչպես խոստացել էր Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, փետրվարի 20-ին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին վճարել են մեկ ամսվա աշխատավարձ: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
«Խոստացել էր 20-25-ը մեկ ամսվա աշխատավարձ տալ: Արդեն երեկ գումարը փոխանցվել է»,- ասաց մամուլի խոսնակը:
Նշենք, որ գործարանի 1700 աշխատակիցներ փետրվարի 6-ից ազատվել են աշխատանքից: «Նաիրիտ» գործարանը կունենա մինչեւ 500 աշխատակից. նրանց հետ արդեն սկսել են նոր պայմանագրեր կնքել:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:





























