Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Ախթամար» ռեստորանային համալիրում գտնվող «Գոլդեն Փելես» խաղատան նախկին աշխատակիցները, որոնք մի քանի ամսվա աշխատավարձ չեն ստացել, սպասում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ուղարկած՝ իրենց դիմումի պատասխանին, որից հետո հնարավոր է՝ դատարանի միջոցով փորձեն իրենց աշխատավարձերը ստանալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, NEWS.am-ին ասաց բողոքող՝ նախկին աշխատակիցներից մեկը:
«Սպասում ենք մեր դիմումի պատասխանին: Բայց հույս չունենք, որ որոշման ներգործությունն այնքան հզոր կլինի, որ մեր գումարները հանեն տան: Այդ պատճառով երեւի թե կդիմենք դատարան»,- ասաց նա:
Աշխատակիցը տեղեկացրեց, որ այս ընթացքում իրենք բազմաթիվ անգամ փորձել են կապ հաստատել տնօրինության հետ, սակայն չեն կարողացել: Նրանք պատրաստվում են պայքարել այնքան, մինչեւ ստանան իրենց աշխատավարձերը:
Հիշեցնենք, որ խաղատունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով): Նախորդ տարվա ապրիլից գործող խաղատան աշխատակիցների պնդմամբ՝ տնօրինությունն իրենց մի քանի ամսվա աշխատավարձ է պարտք՝ որն անցնում է 100 հազար դոլարը: Աշխատակիցներից օտարերկրացիները մի քանի ամիս առանց աշխատավարձի աշխատելուց հետո հեռացել են Հայաստանից՝ առանց այն ստանալու: Մյուս մասը՝ մոտ 30 հոգի, մինչեւ դեկտեմբեր աշխատել են, որից հետո դուրս են եկել աշխատանքից: Աշխատակիցների խոսքով՝ տնօրինությունը նրանց խոստացել էր մինչեւ փետրվարի 1-ը վճարել, սակայն չէր կատարել խոստումը: Խաղատունն այժմ չի գործում։





























