2015 թվականի փետրվարի 21-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից ստացվել են Ա.Սարգսյանի նորածին երեխայի սպանության վերաբերյալ նախապատրաստված նյութերը:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, թե նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան քաղաքի բնակչուհի, 1988 թվականի ծնված Ա.Սարգսյանը, ժամանակավորապես միայնակ բնակվելով Լոռու մարզի բնակիչ Մ.Ասատրյանին պատկանող վագոն տնակում, 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա։

Նախնական տվյալներով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո երեխան սպանվել է, իսկ հետագա օրերին հուղարկավորվել Ստեփանավան քաղաքի «Ռուսական» կոչվող գերեզմանատանը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի գրավոր ցուցումով 2015 թվականի փետրվարի 21-ին Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: