Ռադիոակտիվության ցուցիչները Խաղաղ օվկիանոսի աղտոտման դեպք են արձանագրել՝ ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմային կայանից ռադիոակտիվ ջրերի արտահոսքի հետեւանքով:
ԱԷԿ-ի օպերատոր TEPCO ընկերության տվյալներով, ռադիացիայի մակարդակը թույլատրելի առավելագույն սահմանը գերազանցում է 70 անգամ: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքին:
Միաժամանակ, ԱԷԿ-ի թափոններով ցիստեռնի ջրերի մակարդակը մնում է նույնը, արտահոսքի նախանշաններ դեռեւս չեն հայտնաբերվել: Խաղաղ օվկիանոս թափված ջրերի բնույթն առայժմ հստակ չէ:
2011 թվականի մարտին Ճապոնիայում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ, ինչից հետո երկրի ափամերձ շրջաններում ցունամի մոլեգնեց: «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում մի քանի պայթյուն եւ ռադիացիայի հոսք գրանցվեց: Տարերքի հարվածի զոհ դարձավ շուրջ 20 հազար մարդ:


























