7 տարի անց Մարտի 1-ի գլխավոր հեղինակները բացահայտված չեն: Այս մասին լրագողներին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ այսօր՝ Մարտի 1-ի 7-րդ տարելիցին Մյասնիկյանի արձանի մոտ զոհերի հիշատակը հարգելուց եւ ծաղիկներ դնելուց հետո:
«Ես համարում եմ, որ յոթ տարվա ընթացքում այս ուղղությամբ որեւէ շոշափելի քայլ չի կատարվել: Դա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի ժողովդրավարացման գործընթացում որեւէ առաջընթաց չի արձանագրվել»,- ասաց Քոքոբելյանը
Նրա խոսքով՝ Մարտի 1-ի բացահայտված չլինելու մեջ բոլորն էլ մեղքի իրենց բաժինն ունեն, եւ Մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության ամենամեծ խայտառակությունն է:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:





























