Դասական իմաստով՝ «Ժառանգությունը» բացառում է իշխանության հետ ցանկացած առնչություն, սակայն ընդդիմությունը իշխանության մասնիկն է, հետեւաբար նրա հետ երկխոսությունն ու կլոր սեղանները չի կարելի անհնար համարել։ Հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նշելով, որ ինքը դեմ չէ նրան, որ քաղաքական այս կամ այն ուժը, ըստ ստեղծված իրավիճակի, վերանայի իր դիրքորոշումները, Հովհաննիսյանը ակնարկեց, որ չի բացառում նաեւ ընդդիմադիր որեւէ ուժի հետ համագործակցությունը, այդ թվում՝ նախագահական ընտրությունների նախաշեմին՝ ավելացնելով, որ «այս անգամ պետք է անել այնպես, որ հասարակությունը ունենա ընդդիմադիր իր թեկնածուին»:
«Սակայն որեւէ ուժի հետ համագործակցությունը պետք է լինի առանց նախապայմանների»,- նշեց «Ժառանգության» առաջնորդը՝ նշելով, որ համագործակցություն հնարավոր է ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ Հայ ազգային կոնգրեսի հետ։
Կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ իր հերթին նկատեց, որ «Ժառանգությունը» ցանկացած կուսակցության հետ կարող է համագործակցության եզրեր գտնել։ «Համագործակցությունը լավ է ընդդիմության գործողությունները կառուցողական դաշտ բերելու տեսակետից։
Սակայն կարեւոր է, որ բոլոր ուժերը միասնական լինեն, իսկ համագործակցության դաշտը՝ ազնիվ եւ ճշմարիտ։ ՀԱԿ-ը, որի հետ պատրաստ ենք համագործակցել, օրինակ, նշում է, որ երկրում իրավիճակն անկայունացավ 1998 թվականից հետո, այնինչ ճշմարտությունը կիսատ չի լինում եւ ամեն բան պետք է դիտարկել սկզբից: Ասել, որ ողբերգությունները սկսվեցին 98-ից, ճիշտ չէ։ Դրանք սկիզբ էին առել ավելի վաղ»,- նշեց Ռուբեն Հակոբյանը՝ ավելացնելով, որ ընդդիմության չկայացած լինելու մեջ մեղավորության իր բաժինն ունի նաեւ իշխանությունը։ «Իշխանության խնդիրը ոչ թե իշխանության մնալը պետք է լինի, այլ պետականության կերտման ձգտելը, ինչում մեծ դեր ունի նաեւ ընդդիմության հետ գրագետ համագործակցությունը»,- ավարտեց կուսակցության փոխնախագահը։




























