Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կարող է թուլացնել Հայաստանի բանակցային դիրքերը: Նման տեսակետ հայտնեց Հայ ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե արդյո՞ք Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է բերել ԼՂ միջազգային ճանաչման գործընթացի:

«Այդ հարցը պետք է դիտարկել հետեւյալ համատեքստում: Մեզ համար ամենակարեւորը ԼՂ անկախության միջազգային ճանաչումն է: Այսինքն, մենք պետք է տրամաբանենք, արդյո՞ք Հայաստանի կողմից ԼՂ-ի ճանաչման քայլը մոտեցնելու է կամ նպաստելու է միջազգային ճանաչմանը, թե՞ առաջացնելու է հակառակ երեւույթը՝ թուլացնելու է Հայաստանի բանակցային դիրքերը»,-ասաց Զուրաբյանը: Նա նաեւ հավելեց, որ այս պահին ՀՀ-ի կողմից ԼՂ անկախության ճանաչումը չի նպաստում միջազգային ճանաչման գործընթացին:

Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի hոկտեմբերի 17-ի հանրահավաքում բարձրացրել էր ԼՂ անկախության ճանաչման հարցը:  «Նկատի ունենալով այն մտահոգիչ հանգամանքը, որ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո Ղարաբաղի հարցը, որոշակի առումով, դուրս է մնում սառեցված հակամարտությունների լուծման ընդհանուր գործընթացից, թերեւս ժամանակն է մտածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես գա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությամբ: Սերժ Սարգսյանը պարտավորված չպետք է լինի արձագանքելու այդ նախաձեռնությանը, բայց մի կողմից ունենալով խորհրդարանի որոշումը, իսկ մյուս կողմից՝ առկախ թողնելով նրա վավերացումը, նա արտաքին ճնշումները դիմակայելու եւ խուսանավելու մեծ հնարավորություններ կստանա առաջիկա բանակցություններում»,-հայտարարել էր Հայաստանի առաջին նախագահը: