ՀՀ ֆինանսների նախարարության եւ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (ԳՏՀԸ) միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների հետագա խորացման գործընթացում համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, Հուշագիրն ընդգրկում է այս տարվա հուլիսի 1-ից մինչեւ 2011թթ. ավարտը: Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ու Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության տարածաշրջանային տնօրեն Ջեյմս Մակբեթը:
Ծրագրային բյուջետավորման բարեփոխման գերակա նպատակը պետական ծախսերի տնտեսական արդյունավետության բարձրացումն է: Այն հանդիսանում է ՀՀ կառավարության գերակայություն:
Հուշագրով նախատեսված աջակցության շրջանակներում ակնկալվում է, որ 2011թ. եւ 2012թ. պետական բյուջեների կազմման փուլում բոլոր պետական մարմինները հնարավորություն կունենան ավելի խորացնելու ծրագրային բյուջետավորման ներդրման աշխատանքները եւ իրենց բյուջետային հայտերը ավանդական ձեւաչափին զուգահեռ կներկայացնեն նաեւ ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանող ավելի կատարելագործված ձեւաչափով:
Ծրագրային բյուջետավորման բնագավառում բարեփոխումների խորացման հարցում ԳՏՀԸ եւ ՀՀ կառավարության միջեւ համագործակցությունն իրականացվում է 2008 թվականից:




























