Եվրախորհրդարանի պատգամավորների գերակշռող մեծամասնությունը հավանության կարժանացնի Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւը, քանի որ բոլոր հիմնական քաղաքական խմբերը համաձայնություն են ձեռք բերել միասնական փաստաթղթի շուրջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, Իսպանիայի «Արալար» կուսակցության անդամ Ինյակի Իրազաբանբեյտիա Ֆերնանդեսը:
Նրա խոսքով, բանաձեւը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակել հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման գործընթացը:
Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ եվրոպացի պատգամավորն ընդգծեց, որ Անկարայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը խոչընդոտում է տարածաշրջանում քաղաքական կայունության եւ խաղաղության հաստատմանը:
Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը լիագումար նիստի ընթացքում քննարկելու է Հայոց ցեղասպանության հարցը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» թեմայով քննարկումները կանցկացվեն նիստի երկրորդ հատվածում: Խորհրդարանականները նաեւ բանաձեւի շուրջ քվեարկություն կանցկացնեն:




























