Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը ապրիլի 24-ին չի ժամանի Հայաստան Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար։ Ավստրիայի նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ երկրի ղեկավարի որոշման պատճառը նրա  պետական սուղ գրաֆիկն է։ Ավստրիան  հիշատակի միջոցառումներին կներկայանա երկրի խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական  կուսակցության պատգամավորներից եւ դեսպան Ալոիս Կրաութից կազմված պատվիրակության մակարդակով։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական Die Presse պարբերականը։ 

Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, պատասխանելով պարբերականի հարցին, թե Հայաստանը հիասթափված չէ՞ արդյոք նախագահի այդ որոշմամբ, ասել է. «Մենք ամեն տարի նշում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս տարի դա առանձնահատուկ էր այն պատճառով, որ լրանում է այդ իրադարձությունների 100 ամյակը։ Մենք իհարկե ակնկալում ենք, որ այլ երկրները հարգեն զոհերի հիշատակը։

Հայաստանը ամեն դեպքում Ավստրիային եղբայրական պետություն է համարում եւ չի խառնվում  նրա ներքին գործերին։ Մենք հարգում ենք Թուրքիայի հետ Ավստրիայի ունեցած  հարաբերությունները եւ ըմբռնումով ենք մոտենում այն հանգամանքին, որ Ավստրիայում շատ թուրքեր են ապրում»,- հայտարարել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ Ցեղասպանության 100-ամյակին Ավստրիայի Ազգային խորհուրդը (խորհրդարան) կճանաչի Հայոց ցեղասպանությունը։