Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, թե նախագահ Էրդողանի կողմից հայերի դեմ խիստ հայտարարությունները կապված են 4 տոկոս կազմող ազգայնական հատվածին իր կողմը գրավելու հետ:

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոս-ը, Էթյեն Մահչուփյանը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ խիստ տարբերություն է տեսնում: Մահչուփյանը նշել է, թե գուցե մարդկային առումներով նրանք իրար նման են, սակայն որպես քաղաքական գործիչներ խիստ տարբեր են:

Ըստ Մահչուփյանի իշխող կուսակցության եւ ազգայնական կուսակցության միջեւ գնացող գալացող 4 տոկոսանոց ազգայնական հատվածը կարեւորություն է ներկայացնում իշխանությունների համար, որի համար էլ Էրդողանը նման քաղաքական գիծ է տանում:

Անդրադառնալով հայերի նկատմամբ Էրդողանի եւ Դավութօղլուի վերաբերմունքին, Մահչուփյանը հիշեցրել է, որ Դավութօղլուն միշտ սփյուռքի հայերին ասում է, որ նրանք մեր սփյուռքն են, իսկ Էրդողանը մշտապես նրանց դեմ է ելույթ ունենում:

Մահչուփյանը շեշտել է, թե չի կարծում, որ Անկարայի այս տարվա ապրիլի 24-ի հայտարարությունը նախորդ տարվանից տարբեր կլինի եւ կբավարարի հայերին:

Խոսելով ընտրություններին երեք կուսակցություններից առաջադրված հայ թեկնածուների մասին, Մահչուփյանը հույս է հայտնել, որ երեքն էլ կանցնեն խորհրդարան: