Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը պատասխանել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հայտարարություններին։
«Հ3 հեռուստաընկերության «Շաբաթ երեկո» հեռուստահաղորդման ընթացքում Արթուր Բաղդասարյանի կողմից բարձրաձայնվել են գնահատականներ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ հարաբերությունների վերաբերյալ, որոնց անդրադառնալով՝ կփորձենք լրացնել տեղեկատվության հնարավոր բացը եւ հանրության համար ցրել դրա խեղաթյուրված արտացոլումը:
Մասնավորապես, հեռուստահաղորդման ընթացքում Արթուր Բաղդասարյանի կողմից նշվել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են խորը փակուղու մեջ:
Այնինչ ակնհայտ է, որ վերջին ամիսներին խիստ ակտիվացել են Հայաստան-ԵՄ տարբեր մակարդակներով, տարբեր կառույցների եւ ոլորտների ընդգրկմամբ քննարկումները, որոնց արդյունքում նախատեսվում է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կարգավորող նոր իրավական շրջանակ կձեւավորվի, ներառելով ինչպես քաղաքական երկխոսության, արդարադատության, միջազգային անվտանգության, այնպես էլ ոլորտային եւ առեւտրատնտեսական համագործակցությանն առնչվող բաժիններ: Այն կուրվագծվի Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, որից հետո մեր հարաբերությունները կմտնեն համագործակցության նոր, առավել ընդգրկուն փուլ:
Երկկողմանի ակտիվ եւ համակարգված աշխատանքների մասին են վկայում Եվրոպական Միության եւ Եվրոպական Հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականները, մասնավորապես 2015թ. մարտի 25-ին Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցչի եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված 2014թ. Եվրոպական հարեւանության քաղաքականության վերաբերյալ Համատեղ հաղորդագրությունում եւ դրան կից ԵՀՔ երկրների առաջընթացի ու հարեւանության երկու տարածաշրջանների վերաբերյալ ընդհանուր զեկույցներում:
Հեռուստահաղորդման ընթացքում Արթուր Բաղդասարյանի կողմից հայտարարվել է նաեւ, որ այժմ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է այն կառույցը, որը պատասխանատու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ինչպես նախկինում, այժմ էլ պատասխանատու է երկրի արտաքին քաղաքականության համար: Միաժամանակ, ելնելով թե՛ ԵՄ, թե՛ ԵԱՏՄ հետ ավելի սերտ համագործակցության, ինչպես նաեւ այլ միջազգային կառույցների եւ կազմակերպությունների հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների արդյունավետ համակարգման անհրաժեշտությունից, ՀՀ Նախագահի 2015թ. փետրվարի 10-ի թիվ ՆՀ-206–Ն հրամանագրով ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությանը վերապահվել է այս ոլորտում համակարգման գործառույթ: Վերջինս ըստ սահմանված օրակարգի իրականացնում է նախանշված աշխատանքները, այդ թվում ՀՀ եւ ԵՄ միջեւ տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանի իրավասու մարմինների աշխատանքների համակարգումը:
Նախարարության գործունեության ակներեւ արդյունք է ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրում քաղաքական երկխոսությունից բացի նաեւ առեւտրատնտեսական բաղադրիչի ներառումը:
Ամփոփելով, հայտնում ենք, որ Նախարարության գործունեության արդյունքում ամրապնդվում եւ առավել արդյունավետ ու համակարգված են դառնում արդեն իսկ հաստատված կապերը, ինչպես նաեւ նախանշվում են միջազգային տնտեսական ինտեգրման նոր համագործակցության հնարավորություններ»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ:



























