Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով 2014թ. հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը վիրավորված ժամկետային զինծառայող, ագարակցի Գրիգոր Գրիգորյանը պարբերաբար բուժում է ստանում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին  NEWS.am-ին ասաց զինվորի հայրը՝ Վարդան Գրիգորյանը:

«Թոքի մի կեսը չի գործում, լյարդն է վնասված: Շնչառությունը չի բավականացնում, երկար չի կարողանում քայլել: Այդ պատճառով մոտ 3 ամիս առաջ հոսպիտալում մի քանի օր բուժում ստացավ»,- ասաց Վարդան Գրիգորյանը:

Նա հայտնեց, որ որդին առաջիկայում նույնպես բուժում է ստանալու հոսպիտալում:

Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը  Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմաններում եւ Արցախի Հանրապետության շփման գծում մի քանի ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական գործողությունները կանխելիս հայկական կողմից մեկ զինծառայող է զոհվել, երկուսը՝ վիրավորվել, այդ թվում Գրիգոր Գրիգորյանը։