Լավ փաստաթղթավորված ցեղասպանությունների ժխտումը անարգանք է վերապրածների նկատմամբ։ Այդ մասին ասել է Լանքասթերի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ռոջեր Սմիթը՝ Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում։ Փորձագետւի ելույթը կրել է «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման մեկ դարը» անվանումը։

Նրա խոսքով, նման վարմունքը կարող է ոգեշնչել այլ հանցագործների։ Սմիթը նկատել է, թե Հայաստանում արդեն չորրորդ անգամն է, եւ իր համար մեծ հաճույք է այստեղ այցելելը։

«Ցեղասպանությունն ու ժխտումը երկվորյակ-եղբայրներ են։ Բայց Հայոց ցեղասպանության դեպքում ապշեցուցիչ է այն, որ ժխտումը ձգվում է 1915-ից 2015 թվականը, եւ թուլացման որեւէ նախանշան կա։ Թուրքիան միլիոնավոր դոլարներ է ծախսում ԱՄՆ-ում եւ այլ երկրներում՝ Ցեղասպանության ժխտման համար։ Թուրքիան կարողացել է ստիպել որոշակի երկրների՝ Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի կառավարություններին մասնակցել Հայոց ցեղասպանության ժխտմանը՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից։ Դա չի նշանակում, որ այդ երկրները չգիտեն ճշմարտությունը»,- ընդգծել է պատմաբանը։

Ռոջեր Սմիթը նկատել է, թե ժխտումը բաղկացած է մի քանի փաստարկներից՝ իբր զոհերը հանցագործներ են եղել, պատերազմ էր, հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ։ «Թուրքիան հայերին մեղադրում է նրա մեջ, ինչ ինքն է արել, փորձել է պնդել, թե երկուսի կրած ցավն էլ նույնական է եւ պետք չէ հարցնել ցավի աղբյուրի մասին։ Ժխտումը ներառում է ճկուն մարտավարություն՝ կախված դիվանագիտական ճնշումից, գիտնականների հավաքագրումից, գիտաժողովները խափանելու փորձերից»,- ասել է նա։