Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն ապրիլի 22-ին պալատի նիստում մեկ ամբողջ ժամ կարդացել էՕսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի մի փոքր մասի անունները։ Ինչպես գրում է «Asbarez»-ը, մեկ ժամում Շիֆը կարողացել է կարդալ զոհված հազար հայերի անունները, որոնք նրա գրասենյակ էին փոխանցվել վերջին երկու շաբաթների ընթացքում։

«Մեկ ժամում ես կարողացա կարդալ միայն Հայոց ցեղասպանության զոհերի մի փոքր մասի անունները։ Բոլոր 1,5 միլիոն մարդկանց անունները կարդալու համար կպահանջվեր մի քանի շաբաթ, եւ, հուսով եմ, որ զոհերի անունների թվակումը կօգնի ուշադրություն հրավիրել ոճրագործության ծավալների վրա։ Անունները, ի տարբերություն թվերի, աբստրակցիա չեն, նրանցից յուրաքանչյուրը մեկի որդին կամ դուստրն է, մայրը կամ հայրը, տատը կամ պապը, հորաքույրը կամ հորեղբայրը։ Նրանցից ամեն մեկի կյանքն արժեք էր»,- ասել է կոնգրեսական Շիֆը։