Կիեւի օպերային թատրոնում ապրիլի 23-ի երեկոյան տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մեծ համերգ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը՝ NEWS.am թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Կիեւում եւ շրջաններում ողբերգական օրվա առիթով անցկացվելիք միջոցառումները:

Դեսպանի խոսքով՝ համերգին ներկա կտգնվեն դիվանագիտական կորպուսի գրեթե բոլոր ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Համերգը կհեռարձակվի Ուկրաինայի Ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում:

Ուկրաինայի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Ուկրաինայի պետական երգչախմբի մասնակցությամբ համերգին կհնչեն հայ եւ համաշխարհային երաժշտական արվեստի դասականների գործեր:

Անդրանիկ Մանուկյանը հայտնել է, որ հայտարարված մեկամսյակի՝ մարտի 24-ից մինչեւ ապրիլի 24, շրջանակներում Ուկրաինայի քաղաքներում ու մարզերում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում:

Ուկրաինայի քաղաքներում կախված են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված վահանակներ, միայն Կիեւում այդպիսի 217 վահանակ է կախված:

Ապրիլի 24-ին Կիեւում Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին նվիրված պատարագ կմատուցվի: