Աթենքը միջազգային վարկեր չի ստանա, մինչեւ բարեփոխումների շուրջ վերջնական որոշում չկայացվի: Այս մասին հայտարարել է եվրոգոտու (Եվրոխմբի) ֆինանսների նախարարների խորհրդի նախագահ Յերուն Դեյսելբլումը:

Նա նաեւ նշել է, որ Հունաստանի եւ նրա վարկատուների միջեւ «զգալի տարաձայնությունները» պահպանվում են:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ապրիլի 14-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հունաստանը պատրաստ է դեֆոլտ հայտարարել, եթե մինչեւ ապրիլի վերջ չկարողանա համաձայնության հասնել միջազգային վարկատուների հետ: Աթենքը հերքեց այս տեղեկությունը:

Ապրիլի 9-ին Հունաստանը կարողացավ վճարել Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) իր պարտքի մի մասը (շուրջ 450 մլն դոլար): Միաժամանակ, առաջիկա կես տարիներին Աթենքը պետք է եւս շուրջ 20 մլրդ դոլարի պարտք մարի:

Միջազգային վարկատուներին Հունաստանի ընդհանուր պարտքը կազմում է 320 մլրդ եվրո: