Ջազի միջազգային օրը համերգ տալու նպատակով Հայաստան են ժամանել աշխարհահռչակ ջազ երաժիշտներ Թավիջյան եղբայրները:

Մակեդոնիայում բնակվող ազգությամբ հայ Դիրան եւ Գարո Թավիջյանները Երեւանում են արդեն 2-րդ անգամ: Նրանց խոսքով՝ ապրիլի 30-ին կայանալիք համերգն իր տեսակով յուրահատուկ է լինելու, որովհետեւ իրենց հետ բեմում են լինելու նաեւ հայաստանցի երաժիշտներ:

«Ակնհայտ է, որ Հայաստանում ջազը զարգանում է: Այսօր Երեւանում արդեն կան ջազ ակումբներ, ջազ երաժիշտներ, որոնց կատարումներով եւ երաժշտական որակներով մենք հիացած ենք: Պարզ է, որ հայ հասարակությունն ունի բարձր մշակույթ եւ հասկանում է որակյալ երաժշտությունից, որը շատ կարեւոր է առհասարակ ցանկացած ազգի համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց դաշնակահար Դիրան Թավիջյանը:

Ինչպես որ 2013թ.-ին խոստացել էին, Թավիջյաններն այսօր հայերեն են խոսում:

«Ջուր, հաց, տուր, արի, մեկ, երկու, երեք, չորս... մեր հայրը հայերեն վարժ խոսում է: Մենք էլ հաջորդ մեր այցի ժամանակ հաստատ մաքուր կխոսենք հայերեն»,- ասաց Գարո Թավիջյանը:

Եղբայրները Երեւանում են խմբի անդամ, մակեդոնացի Գորան Գեշովսկիի հետ: Վերջինս Թավիջյանների հետ համագործակցում է արդեն 7 տարի:

«Այս տարիների ընթացքում նրանք ինձ պատմել են Հայաստանի, հայ ժողովրդի մասին: Գիտեմ ձեր ավանդույթները, մշակույթը: Այդ պատճառով երբ եկա Հայաստան, ինձ օտար չզգացի: Հայերը հրաշալի, ջերմ եւ գեղեցիկ ազգ են: Ես շատ եմ շրջագայել, սակայն երբ եկա այստեղ, ինձ զգացի ինչպես տանը: Զգում եմ այս ժողովրդի սերն ու պատմական անցյալը»,- ասաց Գորան Գեշովսկին:

Նշենք, որ ջազի միջազգային օրվան նվիրված համերգը տեղի կունենա ապրիլի 30-ին ժ. 20:00-ին Կասկադ համալիրի հարակից տարածքում:

Հիշեցնենք, որ Թավիջյան եղբայրները հայտնի ջազմեններն են ամբողջ աշխարհում: Նրանք արժանացել են «Մակեդոնիայի երաժշտության դեսպաններ» բարձր կոչմանը, ինչպես նաեւ բրիտանական SONY JAZZ մրցույթի դափնեկիրներ են: Հայ երաժիշտները համագործակցել են եւ ելույթ ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ Ջո Զավինուլի, Չիկ Կորեայի, Ռհանի Կրիջանի, Ռոզանա Վիտրոյի, Ռիշար Գալյանոյի հետ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am