Թուրքիայի խորհրդարանական 4 կուսակցություններն էլ հայտարարել են, որ չեն մասնակցելու նախկին նախագահ, 1980-ի արյունոտ հեղաշրջման կազմակերպիչ Քենան Էվրենի թաղմանը։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մահիր Ունալն ուղիղ եթերում հայտարարել է, որ իրենց կուսակցությունից ոչ-ոք չի մասնակցելու Քենան Էվրենի թաղմանը։
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Թեքին Բինգյոլը շեշտել է, որ իրենք հավատարիմ են իրենց առաջնորդի խոսքին եւ չեն մասնակցելու նախկին նախագահի թաղմանը։
«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդները եւս շեշտել են, որ իրենց կուսակցությունից թաղմանը մասնակցող չի լինելու։
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշն ասել էր, որ իրենց կուսակցությունից գեթ մի հոգի էլ չի լինելու Քենան Էվրենի թաղմանը։
Նշենք, որ 97 տարեկանում մահացել է Թուրքիայի նախկին նախագահ, 1980-ի ռազմական հեղաշրջման կազմակերպիչ եւ 2 տարի առաջ հեղաշրջման կազմակերպման համար ցմահ ազատազրկված Քենան Էվրենը։





























