«Բարգավաճ Հայաստանը», մարզային այցերին զուգահեռ, խմբակցություն է հրավիրելու կառավարության անդամ նախարարներին 2014թ տարեկան հաշվետվությունը, ոլորտում առկա խնդիրները քննարկելու համար: Մեր տեղեկություններով՝ խմբակցությունում առաջինը կհյուրընկալվի գյուղատնտեսության նախարարը: Սերգո Կարապետյանն այսօր՝ մայիսի 13-ին, կլինի խմբակցությունում, կքննարկեն ոլորտում առկա խնդիրները: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ հաջորդը խմբակցություն կհրավիրվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ քննարկելու էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հարցերը:
«Ես զրուցել եմ Ռոբերտ Նազարյանի հետ, բայց քանի դեռ պաշտոնական դիմում չի ստացել, որոշվեց, որ նա խմբակցություն կգա մյուս շաբաթ, որպեսզի ավելի հանգամանալից կարողանա ներկայացնել իրավիճակը եւ պատասխանել հարցերին»,-ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:





























